Մեկ կիվին պարունակում է մոտ 0,8-1,1 գ սպիտակուցներ, 0,4-0,5 գ ճարպեր, 0,1-ական գ հագեցած և չհագեցած ճարպաթթուներ, 7-8 գ շաքարներ, 3,8 գ սննդային մանրաթել, 0,3 գ օսլա, 0,6 գ մոխիր, 2,5 գ օրգանական թթուներ։ Կալցիումի (34-40 մգ), մագնիումի (17-25 մգ), ֆոսֆորի (34 մգ) և կալիումի (300 մգ և ավելի) փոխհարաբերակցությունը բարենպաստ է այդ մակրոտարրերի յուրացման համար։ Կալիումի և նատրիումի (մոտ 5 մգ) հարաբերությունը այնպիսին է, որ կիվին նպաստում է աղերի հեռացմանը օրգանիզմից։ 

Կիվիում կան նաև օրգանիզմին անհրաժեշտ 6-րդ (քլոր-47 մգ) և 7-րդ (ծծումբ-15 մգ) մակրոտարրերը։ Կիվին պարունակում է մեծ թվով միկրոտարրեր` երկաթ (0,3-0,8 մգ` ըստ տարբեր հեղինակների), ցինկ (0,15-0,3 մգ), պղինձ (0,14 մգ), մարգանեց (0,1-0,2 մգ), բոր (0,1 մգ), ալյումինիում (0,8 մգ), ֆտոր (14 մկգ), մոլիբդեն (10 մկգ), կոբալտ (1 մկգ), յոդ և այլն։ Բոլոր ակտինիդիաների պտուղները հարուստ են C վիտամինով, առաջատարը կոլոմիկտան է (300-1000 մգ` 100 գ հումքի մեջ)։ Մեկ կիվիի մեջ պարունակվում է մոտ 90 մգ վիտամին C։

Վիտամինի սակավությունը կարող է աչքի հիվանդություններից` կատարակտի առաջացման պատճառ դառնալ, իսկ լրացուցիչ չափաքանակները կարող են բուժել այս հիվանդությունը և թեթևացնել գլաուկոմայի ընթացքը։ Սակայն այսքանով չի սահմանափակվում «աստղային ճառագայթապտղի» օգտակարությունը` "աչքի լույսի" համար։ Կիվին պարունակում է նաև երկու յուրահատուկ կարոտինային նյութեր` լյուտեին և զեակսանտին, որոնք դասվում են թթվածին պարունակող կարոտինոիդների խմբի մեջ և ունեն շատ կարևոր առանձնահատկություն, որով տարբերվում են այլ կարոտինային նյութերից. լյուտեինը և զեակսանտինը կլանում են արևի ճառագայթների կապույտ սպեկտրի այն հատվածը, որն ագրեսիվ ազդեցություն ունի աչքի ցանցաթաղանթի վրա։ Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ այդ կարոտինոիդներով հարուստ մթերքների կանոնավոր ընդգրկումը սննդակարգում նվազեցնում է գլաուկոմայի առաջացման հավանականությունը 50 տոկոսով (կերեք նաև սպանախ, բրոկկոլի, դդում, եգիպտացորեն, նարնջագույն քաղցր պղպեղ, ձվի դեղնուց)։ 

Կիվին պարունակում է նաև բետա-կարոտին, վիտամիններ A, B1, B2, նիացին (B3), զգալի քանակությամբ պիրիդոքսին (B6-մինչև 0,63), ֆոլիաթթու (B9-25 մկգ), և վիտամին E։ Վիտամին B6-ի հանդեպ մարդու օրգանիզմի պահանջը 2-3 մգ է (առաջատարը տավարի լյարդն է` 0,9 մգ` 100 գ հումքի մեջ։ Պարունակվում է նաև ընկույզում` 0,685 գ, բանանում` 0,34 մգ, ձկնեղենում` 0,39 մգ, ոչ ճարպոտ մսի մեջ` 0,3 մգ, և այլն)։ Վիտամին B6-ի դերն օրգանիզմում անչափ մեծ է, պարզվել է, որ դրա սակավության դեպքում կարող են առաջանալ թվով 120-ի հասնող առողջական խնդիրներ։ Վիտամինի մոտ 15 տոկոսը տրոհվում է` սառեցնելու, 70 տոկոսը` եփելու, 90 տոկոսը` պահածոյացնելու դեպքում։ B6-ի յուրացման համար անհրաժեշտ է B2 վիտամին, որի լավագույն աղբյուրներն են` նուշը, տավարի լյարդը, կաթնաշոռը և այլն։ Պիրիդոքսինը տրոհում է սննդի մեջ պարունակվող սպիտակուցները. կիվին պարունակում է բույսին բնորոշ ֆերմենտ ակտիդին, որը կատարում է նույն աշխատանքը։ Պիրիդոքսինը մեծապես նպաստում է ճարպերի փոխանակման գործընթացին. կիվին պարունակում է նյութեր, որոնք նպաստում են ճարպերի "այրմանը" և կոլլագենի գոյացմանը։ Կիվին պահանջված հումք է գեղարարության մեջ։ 

Կիվին լավացնում է նյութափոխանակությունը, կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը` ծանրաբեռնված մտավոր և ֆիզիկական աշխատանքի դեպքում։ Կարգավորում և կայունացնում է սրտի գործունեությունը կանխարգելում է հիպերտոնիայի և սրտի անբավարարության առաջացումը և զարգացումը։ Ունի ազդեցիկ հակաօքսիդանտ հատկություն, նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը, ուժեղացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։ Կարգավորում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ, նպաստում է արյունատար անոթների և մազանոթների ամրացմանը, նվազեցնում է աթերոսկլերոզի և տրոմբոֆլեբիտի առաջացման վտանգը։ Հեռացնում է օրգանիզմից վնասակար նյութերը, միզաթթուն, կանխարգելում է քարերի առաջացումը երիկամներում։

Աղբյուրը՝ Doctors.am


Հետադարձ կապ

Մեր հասցեն՝ Մաշտոցի 49

Телефон:(055) 208-204 (077) 208-204